Հանձնուք կամ ծանրոց փոխանցելու կարգը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՆՐՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՄ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

  • Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում կալանավորված անձին կամ դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին ստանալ և ուղարկել հանձնուքներ և ծանրոցներ: Քրեակատարողական հիմնարկում հանձնուքները և ծանրոցները ստացվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1700-ն ընկած ժամանակահատվածում:
  • Կալանավորված անձին կամ դատապարտյալին հասցեագրված ծանրոցները և հանձնուքներն ընդունվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։ Նախկինում նույն անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը և կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանցից հանձնուքներ և ծանրոցներ ստանալու համար, եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացրել։
  • Քրեակատարողական հիմնարկում հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու թույլտվությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերի առկայության դեպքում, տալիս է քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ` քրեակատարողական այլ ծառայող:
  • Հանձնուքները և ծանրոցներն ընդունվում են ըստ այցելուների հաճախման հերթականության:
  • Քրեակատարողական հիմնարկում հանձնուքներ և ծանրոցներ հանձնելու դիմում ընդունելու համար կահավորվում են հատուկ սենյակներ, որտեղ անձանց մուտքն ու ելքն ազատ է: Այդ սենյակում առնվազն դրվում են սեղաններ` գրենական պիտույքներով և հսկիչ կշեռքով, աթոռներ, ինչպես նաև բողոքների և առաջարկությունների արկղ: Սենյակի տեսանելի վայրերում փակցվում են հանձնուքների և ծանրոցների հանձնման կարգը ներկայացնող փաստաթղթերի պատճեններ կամ այդ փաստաթղթերից քաղվածքներ, արգելված առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը, ինչպես նաև հանձնուքներ և ծանրոցներ ընդունելու համար սահմանված աշխատանքային ժամանակացույցը:
  • Հանձնուք կամ ծանրոց բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում` երկու օրինակից (ձև N 6): Դիմումի երկու օրինակը, ինչպես նաև հանձնուք կամ ծանրոց բերող անձի՝ անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողին: Հանձնուքները և ծանրոցները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հաշվառվում են, որի նպատակով` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից վարվում է համապատասխան քարտադարան:
  • Հանձնուքները և ծանրոցները բացվում են, և դրանց պարունակությունը զննվում է քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից` դրանք բերող անձի ներկայությամբ: Զննության ընթացքում հանձնուքում և ծանրոցում առկա առարկաների, իրերի և սննդամթերքի տեսականին ու քանակը համեմատվում են դիմումում նշված տեսականու և քանակի հետ:
  • Քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողը, ընդունելով հանձնուքը կամ ծանրոցը, այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:
  • Հանձնուքը կամ ծանրոցը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հանձնվում հանձնուք և ծանրոց հանձնելու մասին սահմանված ձևի դիմումի` վարչակազմի օրինակում ստորագրությամբ:
  • Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ծանրոցը և հանձնուքը ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում:
  • Հանձնուքները և ծանրոցները կալանավորված անձին կամ դատապարտյալին են հանձնվում, որպես կանոն, այն ստանալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:
  • Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը գտնվում է պատժախցում` նրա անունով ստացված հանձնուքները և ծանրոցները՝ նրա համաձայնությամբ, վերցվում են պահպանության ու նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պահպանության համար չի ընդունում կալանավորված անձին կամ դատապարտյալին բերված հանձնուքների և ծանրոցների մեջ պարունակվող սննդամթերքը։
  • Հանձնուքները և ծանրոցները չեն ընդունվում`

1) եթե հասցեատեր կալանավորված անձը կամ դատապարտյալն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից, տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ կամ մահացել է.

2) հանձնուքի կամ ծանրոցի քաշի` սահմանված քաշին անհամապատասխանության կամ սահմանված ամսական քաշը գերազանցելու դեպքում.

3) հանձնուքը կամ ծանրոցը հանձնող անձի կողմից անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում.

4) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հանձնուքը կամ ծանրոցը ստանալուց գրավոր հրաժարվելու դեպքում.

5) եթե քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ կալանավորված անձը կամ դատապարտյալը զրկվել է հանձնուք կամ ծանրոց ստանալուց:

Վերոնշյալ դեպքերում հանձնուքները և ծանրոցները վերադարձվում են այն հանձնողին կամ ուղարկողին` նշելով վերադարձման պատճառը:

  • Քրեակատարողական այլ հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով փոստային առաքանիով ստացված հանձնուքները և ծանրոցները քրեակատարողական հիմնարկի հաշվին ուղարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելու քրեակատարողական հիմնարկի հասցեով:
  • Կալանավորված անձը կամ դատապարտյալն իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց հանձնուք և ծանրոց ուղարկելու նպատակով՝ գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով ուղարկվող հանձնուքի կամ ծանրոցի պարունակությունը:
  • Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչը, նախօրոք ստուգելով կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին հանձնուքի կամ ծանրոցի ուղարկման համար անհրաժեշտ փոստային ծառայությունների գումարի առկայությունը, կազմակերպում է համապատասխան հասցեով դրա ուղարկումը, որի կապակցությամբ դիմումում համապատասխան նշում է կատարվում և ստորագրվում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:
  • Հանձնուքի և ծանրոցի ուղարկման վերաբերյալ դիմումը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
  • Կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղարկվող դրամը փոխանցվում է նրա անձնական հաշվին` առանց սահմանափակման:
  • Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր անձնական հաշվից դրամական փոխանցումներ կատարել իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց՝ առանց դրանց սահմանափակման:
  • Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից դրամ ստանալու և ուղարկելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշիվների վարումը և ապահովում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից իր դրամային միջոցների ազատ տնօրինումը:

Դիմումի ձև՝ կալանավորված անձին կամ դատապարտյալին հանձնուք և ծանրոց փոխանցելու համար: